ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

ԵՐԲ ՆԵՐԴԱՇՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԴԱՍԱԿԱՆ ՈՃՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԸՆԿԱԼՈՒՄԸ

ԵՐԲ ՆԵՐԴԱՇՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԴԱՍԱԿԱՆ ՈՃՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԸՆԿԱԼՈՒՄԸ
25.10.2011 | 00:00

Կյանքի ընթացքում մարդ պարբերաբար հետադարձ հայացք է ձգում իր անցյալին, վերաիմաստավորում արժեքները, հիշում տարբեր դրվագներ` մե՛րթ ժպիտով, մե՛րթ ափսոսանքով, մե՛րթ մտահոգ: Նման բան տեղի է ունենում և՛ արվեստում, և՛ հասարակական կյանքում:
Օրինակ, Սերգեյ Պրոկոֆևի 1-ին սիմֆոնիան, կարելի է ասել, մի ժպիտ է` 20-րդ դարից հղված 18-րդ դար, ռուս կոմպոզիտորից` դասական սիմֆոնիայի հիմնադիր Յոզեֆ Հայդնին: Պրոկոֆևն իր այդ գործը հենց այդպես էլ անվանել է` «Դասական սիմֆոնիա»: Հիրավի, միայն անունը չէ` սիմֆոնիան գրված է հայդնյան ոճի և ձևի նմանությամբ, բնույթով` կենսուրախ, կայծկլտող հումորով լի: Դմիտրի Շոստակովիչի վերջին` 15-րդ սիմֆոնիայում հնչող «Վիլհելմ Տել» և «Նիբելունգի մատանին» օպերաների թեմաներն ասես ողջույն են, ուղերձ Ջոակինո Ռոսսինիին և Ռիխարդ Վագներին: Ջովաննի Պերգոլեզիի թեմաներով գրված «Պուլչինելլա» բալետը Իգոր Ստրավինսկու արվեստում բացեց նոր դասական շրջանը: Անցյալի վերածնության այս գործընթացին մասնակից էր նաև Օտտորինո Ռեսպիգին: Հիշենք վինի համար գրված նրա գործերը, Ներսես Շնորհալու և Կոստան Զարյանի հնաբույր խոսքերով ստեղծած երգերը: Անշուշտ, այսքանով չեն սպառվում օրինակները: Նման բան տեղի է ունեցել նաև կատարողական արվեստում. նկատի ունենք բարոկկո ոճի վերածնունդը 20-րդ դարում: Բարոկկո երաժշտության ռահվիրան համարվում է անգլիացի երաժշտագետ Առնոլդ Դոլմեչը: Վերջինիս «17-18-րդ դդ. երաժշտության մեկնաբանությունը» հիմնարար աշխատությունը լույս է տեսել 1915-ին, իսկ 1925 թվականից սկսած անգլիական Հեյլսմիր քաղաքում Դոլմեչի ընտանիքը կազմակերպում էր հնագույն երաժշտության ամենամյա փառատոներ:
Դոլմեչը, այսպես կոչված, ավտենտիկ կատարման առաջին իրականացնողն էր: Նա օգտագործում էր թանգարանային նվագարաններ, վերականգնում կլավիկորդ, վին, բլոկֆլեյտա և այլ հնագույն գործիքներ: Բարոկկո երաժշտության տարածման գործում մեծ ներդրում ունեցան նաև կլավեսինահար Վանդա Լանդովսկան, կոնտրտենոր Ալֆրեդ Դելլերը, Գուստավ Լեոնհարդը, Տոն Կոպմանը և հատկապես թավջութակահար ու դիրիժոր Նիկոլաուս Առնոնկուրը, ով հնամենի ավանդույթները հարստացնում էր ստեղծագործական ազատությամբ` ստանալով «ոսկե միջինը»:
Խորհրդային Միությունում հնագույն երաժշտության ջատագովներից էին Մոսկվայի կամերային նվագախմբի հիմնադիր Ռուդոլֆ Բարշայը, կոմպոզիտոր և կլավեսինահար, «Մադրիգալ» համույթի հիմնադիր Անդրեյ Վոլկոնսկին: Համույթի կազմում էին նաև մեր հայրենակիցները` մեծանուն երգիչ Պավել Լիսիցյանի զավակներ Կարինե, Ռուզաննա և Ռուբեն Լիսիցյանները:
Մեզանում բարոկկո շրջանի երաժշտության քարոզիչներն էին Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնադիր, ջութակահար Զարեհ Սահակյանցը և հայ երգեհոնային դպրոցի հիմնադիր Վահագն Ստամբոլցյանը: Զարեհ Սահակյանցն առաջինը մեզ ներկայացրեց վիոլ դ’ամուր գործիքը, որը նա անվանում էր «սիրո ջութ»: Նրա բազմաթիվ պրեմիերաներից մեկը Վիվալդիի կոնցերտն էր` ջութակի, վինի և նվագախմբի համար, որը կատարեց ուդահար Ստեփան Մամոյանի հետ: Բարոկկո ժամանակաշրջանն են հիշեցնում նաև Տիգրան Մանսուրյանի նվագախմբային «Պարտիտան» և հատկապես ջութակի, կլավեսինի ու լարային նվագախմբի համար գրված Էդգար Հովհաննիսյանի «Բարոկկո կոնցերտը»:
«Մադրիգալ» համույթից բացի, 1960-ականներին Երևանում հանդես եկավ ամերիկյան «Pro Musica» հնագույն երաժշտության համույթը` Նոա Գրինբերգի ղեկավարությամբ: Մեր և արտասահմանցի երաժիշտների համերգները, մանավանդ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովի հետ համագործակցությունը մեծ դեր խաղացին Հայաստանում հնագույն երաժշտության առաջին համույթի` «Շարականի» ստեղծման գործում: «Շարական», այնուհետև «Գանձեր» համույթները, Լուսինե Զաքարյանի, Գևորգ Հունանյանի, Ալեքսանդր Կոսեմյանի և այլ երաժիշտների հետ, առաջին անգամ Հայաստանում հնչեցրին արքաներ Ալֆոնս 10-րդի, Հենրի 8-րդի, Տիբո 4-րդ Նավառացու, Հայնրիխ Շյուտցի և տարբեր ժամանակների այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Մեզանում բարոկկո երաժշտության տարածման գործում զգալի դեր խաղացին ֆլեյտահար Արմեն Ղուկասյանի հիմնադրած «Կեմ» անսամբլը, թավջութակահար Արամ Թալալյանը:
Այսօր բուռն գործունեություն է ծավալել ֆագոտահար, արվեստագիտության թեկնածու, բեմական շարժուձևի «ալեքսանդրյան մեթոդի» հետևորդ Շմավոն Գրիգորյանը: Նա ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, այնուհետև ասպիրանտուրան, ընդունվել Ցյուրիխի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց: 2008-ից աշխատել է Երևանի կոնսերվատորիայում: Հանդես է եկել Մյունխենի երիտասարդական նվագախմբի կազմում, մասնակցել Վալերի Գերգիևի և սըր Քոլին Դևիսի ղեկավարած սիմֆոնիկ համերգներին: Ներկայումս նվագում է «The World Orchestra» միջազգային նվագախմբում:
Միայն 2011 թվականին Շմավոնը Երևանում տվել է 5 համերգ, ընդ որում, ոչ միայն որպես մենակատար, այլև անսամբլիստ, ընդգրկելով և՛ հայ, և՛ այլազգի կատարողների:
Առնո Բաբաջանյանի անվան սրահում կայացած համերգում Գրիգորյանն իր համույթով վերջերս ներկայացրեց Ֆրեսկոբալդիի, Գեբաուերի, Զելենկայի և Մոցարտի գործերը:
Շմավոնը շարունակում է ու շենացնում իր հոր` Հրաչյա Գրիգորյանի գործը, որը տարիներ շարունակ «Շարական» անսամբլի մենակատարներից էր և, ֆագոտից բացի, նվագում էր բարոկ-ֆլեյտա: Ողջունելի է այն, որ Շմավոնը արտասահմանում ձեռք բերած իր փորձը ներմուծում է Հայաստան, իսկ Հայաստանին սիրահարված այլազգի երաժիշտներին մերձեցնում հայոց մշակույթին: Ահա թե ինչ է ասել հիշյալ համերգից հետո «ալեքսանդրյան մեթոդի» մասնագետ Սիլվիա Բաումանը. «ՈՒժեղ և կիրթ երաժիշտներ Շմավոն Գրիգորյանը, Մելոդի Միշելը և Յորդի Բերտրանը Ազգային օպերայի արտիստների հետ ստեղծել էին տպավորիչ և ներդաշնակ մի անսամբլ... Նրանք սքանչելի պահեր պարգևեցին ունկնդիրներին»։
Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 2675

Մեկնաբանություններ